«Օրուժիյե Ռոսիի» ռուսական թերթն անդրադարձել է սեպտեմբերի 21-ին Երեւանում անցկացված զորահանդեսին, որը նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին: «Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը տոնում էր անկախության օրը: 20 տարի առաջ հռչակվել է Հայաստանի անկախությունը: Այդ օրը Երեւանում` Հանրապետության հրապարակում, տեղի ունեցավ նորագույն պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական շքերթը»,-գրում է թերթը:

Աղբյուրը նշել է, որ «ժողովրդին ցուցադրվեցին զենիթահրթիռային С-300 համակարգերը, «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համակարգերը»:

«Զորահանդեսի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ Հայաստանի Ցամաքային զորքերի հարվածող ուժը, Տ-72Բ տանկերը եւ ԲՄՊ-2 ռազմական մեքենաները հրապարակ բերեցին տեղափոխող սարքերի վրա` ասֆալտը չվնասելու համար: Չնայած հայկական իշխանությունները պնդում են, որ զորահանդեսը նախատեսվում էր անցկացնել դեռ մի քանի տարի առաջ, սակայն շատերը հակված են ընդունել դա որպես «պատասխան» Բաքվի` հունիսի 26-ի զորահանդեսին` նվիրված Ադրբեջանի ԶՈՒ օրվան»,-գրում է թերթը: