Ժայթքումը կործանել է Շիվելուչ հրաբխի գմբեթը, տեղեկացրել է «Մաս Մեդիա News» թելեգրամ-ալիքը՝ հղում կատարելով ՌԳԱ-ի Հեռավորարեւելյան բաժնի հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի Կլյուչիի հրաբխակայանի աշխատակից Յուրի Դեմյանչուկին։

«Տեղի է ունեցել պայթյուն հարավ-արեւելք ուղղությամբ։ Ակտիվ գմբեթի մեծ մասը փլուզվել է։ Առաջացել է հսկայական խառնարան՝ ավելի քան մեկ կիլոմետր տրամագծով»,- ասել է Դեմյանչուկը։ Նրա խոսքով՝ պայթուցիկ հոսքերը (մոխրի, բարձր ջերմաստիճանային հրաբխագազերի եւ հումքաբեկորների խառնուրդ) տարածվել են ավելի քան 20 կիլոմետր հեռավորությամբ։

ՌԳԱ-ի Հեռավորարեւելյան բաժնի հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ-ի թղթակից անդամ Ալեքսեյ Օզերովն ասել է, որ Շիվելուչը դեռ երկար մոխիր կժայթքի։ «Եվ մոխիրը մթնոլորտում դեռ երկար ժամանակ կմնա։ Բայց ժայթքման հիմնական փուլն ավարտված է»,- ասել է Օզերովը։

Շիվելուչի հզոր ժայթքումը տեղի է ունեցել ապրիլի 11-ին։ Այն մինչեւ 20 կիլոմետր բարձրությամբ մոխիր է արտանետել, ինչի պատճառով մտցվել է ավիավտանգավորության կարմիր գիծ։ Կլյուչի գյուղում, որը գտնվում է հրաբխից մոտ 50 կիլոմետր հեռու, ձյունը պատվել է հրաբխային մոխրի հաստ շերտով, այնքան, որ բնակիչները սկսել են «լողալ» դրանում։ Վերջին անգամ նման «մոխրաթափ» գրանցվել էր 60 տարի առաջ։

Շիվելուչը Կամչատկայի ամենամեծ հրաբուխներից է՝ բաղկացած մի քանի այլ հրաբուխներից՝ Հին Շիվելուչից, հին կալդերայից եւ ակտիվ հրաբուխ համարվող Երիտասարդ Շիվելուչից։ Նա 60-70 հազար տարեկան է։