Wildberries-ի դեմ հավաքական հայց է պատրաստվում քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրերը (ՔԻՊ) աշխատանքային վերաորակավորելու հարցով, «Ведомости»-ին ապրիլի 14-ին ասել է մարքետփլեյսի աշխատակիցների վերջերս ձեւավորված արհմիության կազմակերպիչ, Ռուսաստանի Արհմիությունների միության (ԱՄՄ) ներկայացուցիչ Արթուր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ հայցը ներկայացվելու է բաշխիչ կենտրոնների եւ պահեստների աշխատակիցների, Wildberries-ի պատվերների տրման կետերի (ՊՏԿ) սեփական ցանցի աշխատողների կողմից։

Վարդանյանը ներկայացնում էր մարքետփլեյսների (Wildberries, Ozon, «Яндекс.Маркет» եւ այլն) աշխատողների շահերը Պետդումայում բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ Նրա խոսքով՝ այժմ իրավաբանները հայտարարություններ են գրում երկրի տարբեր շրջաններից, իսկ հավաքական հայցը կարող է ներկայացվել արդեն հաջորդ շաբաթ։

Միեւնույն պաշտոնն զբաղեցնող մարդկանց մի մասն աշխատում է աշխատանքային պայմանագրերով, այն դեպքում, երբ մյուսների հետ կնքվել են ՔԻՊ-եր, օրինակ՝ կապալի կամ ծառայությունների մատուցման, բացատրել է իրավաբանը։ Այնինչ, նրանք խիստ գրաֆիկ ունեն, ֆիքսված աշխատավարձ, աշխատավայր, արտահագուստ, տուգանքներ, այսինքն՝ կան աշխատանքային հարաբերությունների բոլոր նշանները, շարունակում է նա։ «Մենք տեսնում ենք աշխատանքի մեծ ստվերային շուկա, քանի որ հարթակները նման աշխատակիցների համար հարկեր չեն վճարում [եթե, ասենք, նրանք ձեւակերպված լինեին Աշխատանքյին օրենսգրքով], նրանց ստիպում են հանվել խցիկների առջեւ, աշխատել աշխատանքային ժամանակից դուրս, եւ այլն»,- ընդգծել է Վարդանյանը։

Հավաքական աշխատանքային հայցի մասին տեղեկությունը փիառ-քայլ է՝ ամբողջ հատվածի վրա ճնշում գործադրելու նպատակով, ասել է Wildberries-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Wildberries-ը, ինչպես եւ շատ այլ խաղացողներ, օնլայն-պլատֆորմ է, որը համագործակցում է ինքնազբաղ մարդկանց հետ եւ օգտագործում է ՔԻՊ-երը ծառայություններ մատուցելու համար. փաստորեն, դա պլատֆորմային զբաղվածություն է։ Ընկերությունը նաեւ 47 000 մարդու հաստիք ունի։

Հաստիքային աշխատողներն աշխատում են որոշակի ժամանակացույցով, կոնկրետ տեղում եւ որոշակի պարտավորություններով, ստանում են աշխատավարձ ամիսը 2 անգամ, ասել է զրուցակիցը։ Իսկ ՔԻՊ-երով «մարդիկ ժամանակացույց, ամրացված աշխատավայր չունեն, վճարումները փոխանցվում են ամեն օր՝ մատուցած ծառայությունների դիմաց»,- ասել է մարքետփլեյսի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, Wildberries-ը կատարում է օրենսդրության բոլոր պահանջները պլատֆորմային զբաղվածության գծով, իսկ նման սկզբունքներից հրաժարումը «խելամիտ չէ եւ կհանգեցնի աշխատատեղերի կրճատման ինտերնետ-առեւտրի ոլորտում եւ բնակչության եկամուտների նվազման»։

Հավաքական հայցի բավարարման շանսերը բավական բարձր են, նշել է «Ռուստամ Կուրմաեւ եւ գործընկերներ» իրավաբանական ընկերության գործընկեր Դմիտրի Կլետոչկինը։ «Եթե մարդը ՔԻՊ ունի հենց Wildberries-ի հետ, ապա հաշվի առնելով [Վարդանյանի] թվարկած աշխատանքի պայմանները՝ այդ աշխատանքը աշխատանքային պայմանագրից տարբերելը շատ դժվար է»,- նշել է նա։