Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր կուսակցական ցուցակի վերաբերյալ դեռ որոշում չի ընդունել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, կուսակցության որոշումը կհրապարակվի հերթական համագումարի ժամանակ` նոյեմբերին:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ՀՀԿ-ի նախընտրական շտաբը գլխավորելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ ընտրական ցուցակը` վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Շարմազանովը ձեռնպահ է մնացել որեւէ մեկնաբանություն անել նախքան կուսակցության պաշտոնական դիրքորոշման հրապարակումը, սակայն նշել է, որ ոչ մի զարգացում չի բացառում:

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2012-ի մայիսին: