Ավելի քան 6000 բրիտանական զինծառայող կմասնակցի Չարլզ 3-րդի թագադրությանը, վերջին յոթ տասնամյակների խոշորագույն արարողությանը, Մեծ Բրիտանիայի կառավարությանը վկայակոչելով՝ տեղեկացնում է The Associated Press-ը։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հազարավոր զինվորներ, ծովայիններ ու օդաչուներ են ուղեկցելու թագավորին և նրա կնոջը՝ թագուհի Քամիլային, Բուկինգհեմյան պալատից մինչև Վեսթմինսթերյան աբբայություն, որտեղ մայիսի 6-ին կկայանա թագադրման արարողությունը, ինչպես նաև դրանից հետո։

Բրիտանական ռազմանավերից և բանակային բազաներից ամբողջ երկրով մեկ համազարկեր կհնչեն, իսկ ավելի ուշ ռազմական ինքնաթիռները՝ սկսած երկրորդ աշխարհամարտի «Սփիթֆայր»-երից  մինչև ժամանակակից կործանիչները, կթռչեն պալատի վրայով։ 

Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ դա «տպավորիչ և արժանի հարգանքի տուրք» կլինի միապետին, որը նաև Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատարն է։

Համագործակցության 35 երկրներից հարյուրավոր զինծառայողներ նույնպես կմասնակցեն 1953 թ․ Եղիսաբեթ 2-րդի թագադրումից ի վեր Մեծ Բրիտանիայում առաջին թագադրության արարողություններին։

Չարլզը, որը թագավոր դարձավ սեպտեմբերին իր մոր մահից հետո պաշտոնապես կթագադրվի Քամիլայի հետ միասին Վեսթմինսթերյան աբբայությունում՝ Բուկինգհեմյան պալատից ոսկեզօծ ձիակառքով մեկնելուց հետո։

Թագադրմանը հրավիրված են օգոստափառ և բարձրաստիճան անձինք ամբողջ աշխարհից, ինչպես նաև բարձրաստիճան բրիտանական թագավորներ, ներառյալ թագաժառանգ Ուիլյամ արքայազնը և նրա ընտանիքը։ Չարլզի կրտսեր որդին՝  արքայազն  Հարին, որը թագավորական պարտավորությունները թողել է 2020 թվականին, արարողությանը կգա Կալիֆորնիայից, բայց նրա կինը՝ Մեգանը և երկու փոքր երեխաները կմնան տանը։