Երուշաբթի ռուսական բորսաները բացվեցին անկումով, իսկ ռուբլին շարունակեց արժեզրկվել եւ եվրոյի, եւ դոլարի նկատմամբ: Սպասումները, որ Վլադիմիր Պուտինի առաջադրումը Ռուսաստանի նախագահի պաշտոնում կկայունացնի իրավիճակը` չարդարացան:

РТС-ի ինդեքսն անմիջապես բացվելուց հետո կորցրեց  3%, ММВБ-ն` 2.5 տոկոս: Դոլարը շարունակեց թանկանալ ու վերջին տվյալով` 32.4 ռուբլու մակարդակին է: Ըստ փորձագետների` ռուսական ռուբլու եւ բորսայական ինդեքսների վրա բացասաբար է անդրադարձել ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի այն հայտարարությունը, որ նա չի ցանկանում աշխատել Դմիտրի Մեդվեդեւի կառավարությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած «Եդինայա Ռոսիյա» կուսակցության համագումարում Վլ. Պուտինը հայտարարել էր, որ առաջադրվում է Ռուսաստանի նախագահի պաշտոնում, իսկ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկեց գլխավորել երկրի կառավարությունը:

Ռուսաստանի բնակչությունը վերջին շրջանում մեծ թափով դոլար է գնում` նպաստելով ռուբլու էժանացմանը: Միջազգային բորսաներում դոլարը շարունակում է ուժեղանալ եվրոյի նկատմամբ: 1 եվրոն վերջին տվյալներով գնահատվում է 1.346 դոլար: Morgan Stanley բանկի վերլուծաբանների կարծիքով` մինչեւ տարեւվերջ 1 եվրոն կարժենա 1.30 դոլար, իսկ 2012 թ. մարտին` 1.25 դոլար: