ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շեշտադրեց ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցում առաջընթացը։ Ինչպես սեպտեմբերի 26-ին, լրագրողներին  ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, նախագահի ճառը դարձավ համահայկական առաջնորդի ելույթ։

«Իր ելույթում երկրի ղեկավարը մի շարք կարեւոր կետեր բարձրաձայնեց»,- ավելացրեց նա՝ առանձնացնելով նաեւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակության անհրաժեշտության հիշատակումը, Ադրբեջանի հետ երկխոսության լճացման պատճառները, ցեղասպանությունների քննարկման կարեւորությունը, ինչպես նաեւ հայ-թուրքական արձանագրությունների հիշատակումը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանին Սերժ Սարգսյանը Հարավային Սուդանի օրինակով ուշադրություն էր հրավիրել ազգերի ինքնորոշման իրացման հարցի վրա։ Շնորհավորելով ՄԱԿ-ի նորընտիր անդամին՝ Սերժ Սարգսյանը հիշեցրել էր, որ երկու տասնամյակ առաջ նույնօրինակ ընտրություն իրականացրեց նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։

Երախտագիտություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ նախագահը միաժամանակ նշեց, որ հակամարտող կողմերի փոխարեն նրանք որոշումներ չեն կարող ընդունել։