Հայաստանի հանրապետական կուսակցության համար դեռ վաղ է զինվել նախընտրական գործողություններով, դրա համար բավական ժամանակ կա։ Այսօր` սեպտեմբերի 26-ին, տեղի ունեցած, «Նախընտրական պայքարի միտումները Հայաստանում եւ համագործակցության հնարավորությունները քաղաքական ուժերի միջեւ» քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։

«Ազգային ժողովի հերթական 5-րդ գումարման ընտրություններին ընդառաջ դեռեւս 8 ամիս ժամանակ կա, սակայն կարծում եմ, որ նախընտրական միտումները աստիճանաբար ի հայտ են գալիս։ Սրա մեջ պետք է միայն ողջունելի երեւույթներ տեսնել։ Ես ողջունում եմ այն հանգամանքը, որ մեզանում ընտրական գործընթացներում հետաքրքրություն կա եւ հասարակության, եւ քաղաքական ուժերի կողմից։ Դա ժողովրդավարական համակարգի համար ձեռքբերում պետք է համարել»,- նկատեց պատգամավորը։

Նրա խոսքով, կան քաղաքական ուժեր, որոնք նախընտրել են ավելի արագ ընթացք տալ նախընտրական գործընթացներին եւ իրենց քաղաքական գործունեությունը կառուցել հենց այդ տրամաբանության մեջ. «Բնականաբար ընտրազանգվածի ուշադրությունը գրավելու խնդիր գոյություն ունի, սեփական ընտրազանգված ձեւավորելու եւ նախընտրական ծրագրեր ներկայացնելու խնդիր կա։ Ինչպես ասում են, ժամանակը չի սպասում, ուստի իշխանական կառավարման պատասխանատվություն չկրող քաղաքական ուժերը փորձում են նախընտրական տրամադրություններ զարգացնել»,- նկատեց Արտակ Զաքարյանը։

Անդրադառնալով կուսակցության գործունեությանը՝ ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ իրենց գրասենյակների հետ աշխատանքները մշտական բնույթ են կրում եւ չեն կապվում նախընտրական գործընթացների հետ։Ամփոփելով՝ Զաքարյանը նշեց, որ թե քաղաքական ի՞նչ համագործակցություններ կլինեն, մրցակցային ի՞նչ դաշտ կձեւավորվի, ցույց կտա ժամանակը։ «Իմ դիտարկումներով, որոշակի գործընթացներ տեղի են ունենում ընդդիմադիր դաշտում, հնարավոր են համագործակցության նոր մոդելներ»,- ամփոփեց Զաքարյանը։

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նախանշված են 2012 թվականի մայիսին։