«Օրինաց երկիր» կուսակցությունը, ինչպեսեւ մնացած բոլոր քաղաքական ուժերը, պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։

«Նախընտրական պայքարի միտումները Հայաստանում եւ համագործակցության հնարավորությունները քաղաքական ուժերի միջեւ» քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

«Կարծում եմ՝ բոլորը կազմակերպչական, ծրագրերի հստակեցման հետ կապված աշխատանքներ են կատարում։ Մենք պետք է նպաստենք, որ  մեր երկրում ընտրական մշակույթ ձեւավորվի, պետք է համահունչ դարձնել Ընտրական օրենսգիրքը եւ ընտրության մասնակիցների՝ մասնավորապես քաղաքական ուժերի կամքը, վճռականությունը, որպեսզի կարողանանք ժողովրդավարական ընտրություններ ունենալ։ Սա օրգանապես կապված է մեր երկրի միջազգային վարկի հետ։ Որքան կարողանանք արդար եւ ազատ ընտրություներ անցկացնել, այնքան մեր երկրի վարկն ավելի կբարձրանա։ Բնականաբար, առաջին երաշխիքներից մեկը երկրի կայունությունն է նախընտրական գործընթացների ժամանակ։ Այդ ընթացքում առկա կնճռոտ հարցերը պետք է քննարկման առարկա դարձնել։ Խնդիրների հետ չպետք է կռվել, խնդիրները պետք է քննարկել»,- նկատեց Մարգարյանը։

Ամփոփելով՝ նա նկատեց, որ ՕԵԿ-ը հավատարիմ է մնալու իր սկզբունքներին եւ «շարունակելու է ընտրական գործընթացներին էլ ավելի մասնակցություն ցուցաբերել»։ Նշենք, որ խորհրդարանակն ընտրությունները Հայաստանում նախանշված են 2012 թվականի մայիսին։