Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նոր զբոսանավը անցյալ շաբաթ լքել է Նիդեռլանդների նավաշինարանը եւ չորեքշաբթի՝ ապրիլի 12-ին, խարիսխ է գցել Իսպանիայի ափերի մոտ՝ Մայորկայից քիչ հեռու, որտեղ այն փորձարկվում է, գրում է Bloomberg-ը։
Գործակալության իրազեկ աղբյուրի խոսքով՝ զբոսանավի փորձարկումները սկսվել են, որոնք կօգնեն համոզվել, որ նավի բոլոր մասերը ճիշտ են աշխատում: Մինչեւ Բեզոսին առաքելը, նավը դեռ կարող է վերադառնալ նավաշինարան՝ վերջնական մշակման համար: Միլիարդատերը կարող է զբոսանավը ստանալ մինչեւ ամառային սեզոնի սկիզբը»,- նշում է Bloomberg-ը։
Նախկինում Y721 անունով հայտնի նավը այժմ գրանցված է Koru անունով: Կորուն մաորի արվեստում պարուրաձեւ տարր է, որը խորհրդանշում է նոր կյանք, հոգեւոր աճ եւ առաջընթաց: 127 մետր երկարությամբ Koru-ն աշխարհի ամենամեծ առագաստանավն է, ըստ Boat International-ի, եւ ամենամեծ նավերից մեկը, որը երբեւէ կառուցվել է հոլանդական Oceanco նավաշինարանում:





























