Քաղաքական ինչ-ինչ ուժերի հետ համագործակցության ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը հաշվի է առնելու ոչ թե այն՝ ում հետ է համագործակցում, այլ այն` թե ինչի շուրջ։ «Նախընտրական պայքարի միտումները Հայաստանում եւ համագործակցության հնարավորությունները քաղաքական ուժերի միջեւ» քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։  

Նրա խոսքով, միանշանակ պայման է, որ համագործակցությունը պետք է երկարաժամկետ լինի։ Անդրադառնալով նախընտրական գործընթացներին՝ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ ընտրությունների հանդեպ միջազգային կառույցների՝ հատկապես ԵՄ-ի կողմից ցուցաբերվող ակտիվությունը պետք է որոշակի դրական ազդեցություն ունենա հայաստանյան ընտրական գործընթացների վրա։ «Երկրորդ, որքան էլ չտեսնելու տանք, ընտրապայքարի ընթացքում բնականաբար հիշատակվելու է «WikiLeaks»-ի փաստերի մասին։

Մյուս առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ ընտրությունների ընթացքում իշխանության ներսում եւս որոշակի պայքար կա, այդ թվում՝ ցավոք նաեւ պայքար կա ընդդիմության  որոշ հատվածների կողմից։ Երբեւիցե չէր դիտվել այսպիսի ակնհայտ պայքար ընդդիմադիր որեւէ ուժի կողմից՝ ընդդիմադիր գործընկերների նկատմամբ։ Միշտ եղել էր համագործակցության ամենամեծ հնարավորությունն ու դաշտը։ Կարծում եմ՝ «Ժառանգության» հետ համագործակցություն հիմա էլ կլինի, մենք բաց ենք արդար ընտրություններ անցկացնելու նպատակով քաղաքական ուժեր հետ համագործակցության համար։ Բայց «Ժառանգությունը» տեսնելու է ոչ թե ում հետ, այլ ինչի շուրջ է համագործակցում։ Համագործակցությունը բացառապես պետք է լինի երկարաժամկետ կտրվածքով։

Միավորում կազմելու մասին պետք է խոսենք այն ժամանակ, երբ տվյալ քաղաքական ուժը կլինի «Ժառանգության» կարծիքին, այն է, իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որի կետերից մեկը լինելու է Հայաստանի՝ պառլամենտական երկիր դառնալը, երկրորդ, ԼՂ անկախության ճանաչում, ինչպես այդ գիծը պաշտպանում ենք մենք։ Եւ երրորդ, հայ-թուրքական արձանագրություններից հետ կանչել հայկական կողմի ստորագրությունը»,- նկատեց Մարտիրոսյանը։

Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ կուսակցությունը մինչեւ տարվա վերջ համագումար կիրականացնի, որտեղ էլ վերջնականապես կորոշի ընտրական գործընթացների հետ կապված մի շարք հարցերի լուծումներ։