Վլադիմիր Պուտինի վերադարձը Կրեմլ ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի քաղաքականությունը կդարձնի ավելի պրագմատիկ եւ իրականությանը մոտ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով, այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի շրջապատում քիչ չեն ադրբեջանամետ խորհրդականներ, որոնք փորձում են օգտագործել իրենց ազդեցությունը Կրեմլում եւ նյութականացնել այդ կողմնակալությունը: 

«Եթե համեմատենք Մեդվեդեւի շրջապատի ներկայացուցիչների այցելությունները Հայաստան եւ Ադրբեջան, ապա կտեսնենք, որ Բաքուն այդ գործում հաջողություններ ունի», - նշեց Զատուլինը` վստահություն հայտնելով, որ Վլադիմիր Պուտինի վերադարձով նախկին ստատուս-քվոն կվերականգնվի:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը երեք նախագահների ձեւաչափում ձախողելու Մեդվեդեւին ուղղված մեղադրանքը Զատուլը չափազանց խիստ է համարում:

«Ես վստահ եմ, որ Մեդվեդեւն անկեղծորեն ցանկանում էր հաջողության հասնել, սակայն նրա «խորհրդատուներն» այնքան էլ ճիշտ չգնահատեցին իրավիճակը: Նրանք կարծում էին, թե կողմերը կգնան մերձեցման, սակայն դա տեղի չունեցավ», - նշեց Զատուլինը:

Քաղաքագետի կարծիքով Պուտինի վերադարձը չի ենթադրում ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորում, բայց դրական երանգներ կհաղորդի:

«Ընդհանուր առմամբ, այդ հարցի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքականությունում հատուկ փոփոխություններ չեն լինի, քանի որ Պուտինը նախկինում եւս մասնակցել է երկրի արտաքին քաղաքականության ձեւավորմանը բոլոր ուղղություններով, եւ ղարաբաղյան հարցը բացառություն չէ, բայց ընտրվելու դեպքում Պուտինը կվերադարձնի նախագահի ֆորմալ կարգավիճակը: Հայաստանի համար դա կարելի է դրական երեւույթ համարել», - շեշտեց ռուս պատգամավորը` ավելացնելով, որ նախագահ Պուտինը նախագահ Մեդվեդեւից ավելի իրական նախագահ է, եւ այսօր Վլադիմիր Պուտինն այլընտրանքային է:

Հիշեցնենք, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում որոշվել է ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, իսկ նրա հաղթանակի դեպքում երկրի վարչապետ նշանակել գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: