Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային։ Այս մասին NEWS-am-ին տեղեկացրել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հայաստանի նախագահը դրական է գնահատել գոյության 18 տարիների ընթացքում Կոմիտեի ծավալված գործակցության փորձը եւ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել մեր երկրի ավիացիոն անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունը։
Սերժ Սարգսյանը նշել է, որ ավիացիան Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, ուստի ոլորտի զարգացման եւ ավիացիոն անվտանգության խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում են։
Տատյանա Անոդինան Սերժ Սարգսյանին ներկայացրել է Միջպետական ավիացիոն կոմիտեի կողմից տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը։




























