Հակարիի կամուրջը բացելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, դրանց մասնակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ դրանք դեռեւս անարդյունք են ընթանում:
«Կարծում եմ՝ այսօր կամ վաղը շոշափելի արդյունքներ կլինեն։ Պետք չէ գուշակություններ անել, սակայն դատելով ռուսական կողմի հայտարարություններից, իրավիճակը կհանգուցալուծվի»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, կրկին կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։
Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։




























