Փարիզի հարավ-արեւելյան Ալֆորվիլ արվարձանում 2012 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը երեկ` սեպտեմբերի 26-ին, 400 ֆրանսահայերի առջեւ խոստացել է խնդրել Ֆրանսիական Սենատի նոր ձախ մեծամասնությանը «կրկին ընդունել Հայոց Ցեղասպանությունը ժխտողներին քրեական հետապնդման ենթարկելու մասին օրինագիծը»:
Ժան Էքյանը Փարիզից հայտնում է, որ սոցիալիստ թեկնածուն նշել է, թե Նիկոլա Սարկոզին դրժել է 2007 թվականի այս հարցի վերաբերյալ տված իր խոստումը: Օլանդի հետ հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ-ի կողմից, որը սատարում է սոցիալիստ առաջնորդի թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Նշենք, որ 2006թ. Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել էր Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Սենատը միայն հինգ տարի անց էր քննարկման դրել օրինագիծը եւ իշխանական կուսակցության ջանքերով մերժել օրինագծի ընդունումը:




























