Հայ ազգային կոնգրեսի՝ սեպտեմբերի 30-ին կայանալիք հերթական հանրահավաքը գործելու է որպես ժողովրդի ինքնակառավարման ֆորում՝ ընդունելով ՀԱԿ-ի հետագա գործողությունների հստակ ծրագիր։ Սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Սեպտեմբերի 30-ին մենք պետք է բեկում մտցնենք մեր հանարահավաքների մարդաշատության առումով։ Մենք կոչ ենք անում մեր համակիրներին առաջարկություններ ներկայացնել ժողովրդավարության հաստատմանն ուղղված զանգվածային միջոցառումների ծրագրի մշակման համար, ինչպես նաեւ ուղղակիորեն մասնակցել այդ ծրագրի ընդունմանը գալիք հանրահավաքում»,- ասաց Զուրաբյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է, որ սեպտեմբեր 30-ը ջրբաժան է լինելու, ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց. «Դուք ուզում եք, որ ժողովրդի փոխարեն որոշո՞ւմ կայացնեմ։ Որոշողը ժողովուրդն է։ Ժողովրդի կամքը բոլորիս համար պետք է լինի բարձրագույն ատյան։ Հանրահավաքին անպայման կգա մեր սպասած զանգվածը, հանգիստ եղեք։ Ժողովուրդը հավաքական տրամաբանություն ունի, որն ավելի ավելի կուռ է եւ ուժեղ, քան ցանկացած հարթակի տրամաբանություն, այնպես որ չեմ կարծում, որ ժողովուրդը սխալ լուծումներ տա։ Երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, իրադարձությունների զարգացման հիմնական հեղինակը դառնում է իշխանությունը։ Եթե դա քիչ թե շատ քաղաքակիրթ իշխանություն է կամ իշխանություն է, որը հասկանում է, որ պետք չէ սերունդների անեծքը բերել իր գլխին, սովորաբար բանակցություններ է սկսում։
Օրինակ, Թունիսում իշխանությունները մի քիչ համառեցին, դա ծանր հետեւանքների բերեց, Մուբարաքն ավելի շատ համառեց, գիտեք՝ հիմա նա որտեղ է գտնվում։ Ֆանատիզմի, հիմարության հասնող ամենամեծ համառությունը ցուցաբերում է Լիբիայի նախկին առաջնորդ Քադաֆին»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը՝ միաժամանակ հավելելով, որ չի կարծում՝ հայաստանյան իշխանությունները գերադասում են արյունահեղությանը կամ գնալ քաղաքացիական պատերազմի ճանապարհով։Ամփոփելով՝ Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ ՀԱԿ-ի հանրահավաքները գնալով ավելի բազմամարդ են դառնում։
Նրա խոսքով, մարդկանց մասնակցության մակարդակը չի հասել գարնանային՝ մարտյան հավաքների թվին, քանի որ ժողովուրդը մինչ այժմ սպասում էր. «Հիմա այդ սպասումը գոյություն չունի»,- եզրափակեց Զուրաբյանը։ Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 23-ին։
Կառույցի ներկայացուցիչները հայտարարել էին, որ հանրահավաքներ այսուհետ լինելու են ամեն շաբաթ։ Հաջորդ հանրահավաքը նախանշված է սեպտեմբերի 30-ին։




























