Հատուկ քննչական ծառայությունում այսօր` սեպտեմբերի 27-ին, կայացել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Արտակ Կարապետյանի եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Հովսեփյանի առերես հարցաքննությունը:

Նշենք, որ Արտակ Կարապետյանը պնդում է, թե օգոստոսի 9-ին Կարեն Հովսեփյանն իրեն ծեծի է ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժնի իր առանձնասենյակում:

Արտակ Կարապետյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ Կարեն Հովսեփյանը հերքել է ՀԱԿ ակտիվիստի մեղադրանքը:

«Արտակ Կարապետյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է իր ասածը: Օպերլիազոր Կարեն Հովսեփյանը, բնականաբար ժխտել է, որ բռնություն է գործադրել: Նա ասել է, թե Արտակին առանձնացրել է իր սենյակում, որպեսզի քննչական գործողություններ կատարի: Ոստիկանը նաեւ հայտնել է, թե Արտակ Կարապետյանը գոռգոռացել է իր սենյակում, ինչից հետո նրան հարվածել է քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալը»,- նշեց փաստաբանը:

Նշենք, որ Արտակ Կարապետյանը մեկն է այն 7 երիտասարդ ակտիվիստներից, ում օգոստոսի 9-ին ոստիկանները ձերբակալել էին Ազատության հրապարակի մերձակայքում եւ տեղափոխել Կենտրոնի բաժին: Այնտեղ ակտըիվիստների նկատմամբ բռնություններ էին կիրառվել, այնուհետ քրեական գործ էր հարուցվել: Կարապետյանը ներկայումս գտնվում է ազատության մեջ, վերաքննիչ քրեական դատարանը փոխել է նրա խափանման միջոց կալանքը քաղաքից չհեռանալու ստորագրությամբ 3 միլիոն դրամ գրավի դիմաց: