«Ատոմէներգոպրոեկտ» ԲԲԸ-ն կմասնակցի Հայկական ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի շինարարության կայանալիք տենդերին։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲԲԸ Համալիր նախագծային բյուրոյի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Կորշունովը, «Ատոմէներգոպրոեկտ»-ը ներկայումս զբաղվում է նոր սերնդի միջուկային էներգաբլոկների նախագծմամբ, որոնք առավել արդյունավետորեն են աշխատում եւ ունեն անվտանգության առավել բարձր աստիճան։

Ըստ նրա, ԲԲԸ-ն նման էներգաբլոկներ է արդեն կառուցում Հնդկաստանում, ծրագրում է կառուցել Բուլղարիայում, եւ նաեւ Հայաստանում։ «Ողջ աշխարհը միջուկային էներգետիկայի վերածնունդ է ապրում, հուսով եմ, որ Հայաստանն էլ անմասն չի մնա այդ գործընթացից։ Այժմ ձեր էներգաբլոկները սարքին են, սակայն կգա ժամանակ, երբ դրանք կփակվեն, այդ պատճառով անհրաժեշտ է արդեն այժմ մտածել նոր սերնդի էներգաբլոկի շինարարության մասին»,- նշել է նա։

Ա. Կորշունովը նշել է, որ նոր էներգաբլոկի նախագիծը կհարմարեցվի Հայաստանի պայմաններին։ «Այնուհետեւ մենք կկառուցենք, կհագեցնենք եւ կգործարկենք էներգաբլոկը»,- լավատեսորեն նշել է Կորշունովը։ Ըստ գլխավոր ինժեների, «Ատոմէներգոպրոեկտ»-ի տենդերում հաղթելու շանսերը շատ մեծ են, քանի որ ընկերությունը վաղուց է համագործակցում Հայաստանի հետ։ Բացի այդ, ընդգծել է նա, «Ատոմէներգոպրոեկտ»-ի նախագիծը մի շարք առավելություններ ունի արեւմտյանների նկատմամբ, եւ այդ փաստը հարկավոր է հաշվի առնել տենդերի ժամանակ։ «Այսպիսով, մեր կողմից նախագծված ու կառուցված էներգաբլոկները ունեն անվտանգության ամենաբարձր մակարդակը, քանի որ ներառում են ակտիվ եւ պասիվ բաղադրիչներ, ինչը լիովին բացառում է „մարդկային գործոնի“ ազդեցությունը։ Իսկ Գերմանիայի ու Ֆրանսիայի կողմից նախագծված ԵՊՌ էներգաբլոկը նոր է իր անվտանգությամբ, սակայն նրա տեխնիկական լուծումները հին են, այն հիմնված է միայն անվտանգության ակտիվ համակարգերի վրա։ Իսկ ամերիկյան Westinghous ընկերության Եպ1000 բլոկը կառուցված է միայն անվտանգության պասիվ համակարգերի վրա։ Հաշվի առնելով դա կարելի է տեսնել „Ատոմէներգոպրոեկտ“-ի ակնհայտ առավելությունները ֆրանսիական AREVA-ի ու ամերիկյան Westinghous-ի նկատմամբ, որոնք նախատեսում են մեզ հետ միասին մասնակցել Հայաստանում էներգաբլոկի շինարարության տենդերին»,- հայտարարել է Կորշունովը։

Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման մասին» օրինագիծը։ Փաստաթղթով նախատեսվում է 60 տարի շահագործման ժամկետով 1,2 հազար մՎտ հզորությամբ միջուկային նոր էներգաբլոկի (բլոկների) շինարարության հնարավորություն։ Միջուկային նոր էներգաբլոկի շինարարության համար Հայաստանին կպահանջվի շուրջ 4-5 մլրդ. դոլար։ Ինչպես ավելի վաղ նշել էր Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, նոր էներգաբլոկի շինարարությունը առանձնահատուկ նշանակություն կունենա երկրի համար՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանին հարեւան պետությունները էլեկտրաէներգիայի պակաս ունեն, իսկ Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է էլեկտրաէներգիա արտադրել ոչ միայն սեփական կարիքների, այլեւ արտահանման համար։