Լոս Անջելեսում սկսվել է Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ, սրտաբան Կոնրադ Մյուրեյի նկատմամբ դատական գործը։ Նա մեղադրվում է «փոփ արքայի» ոչ կանխամտածված սպանության մեջ։ Բժիշկն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նիստին, որին ներկա են եղել Ջեքսոնի հայրը, մայրը, հարազատ եղբայրներն ու քույրերը, առաջինը ելույթ է ունեցել դատախազ Դեւիդ Ուոլգրենը։ Որպես ապացույց՝ նա խնդրել է միացնել երգչի վերջին ձայնագրություններից մեկը՝ արված մայիսի 10-ին՝ իր մահից մի քանի շաբաթ առաջ։ Ձայնագրության մեջ «փոփ արքան» դանդաղ, տեղ-տեղ չկապակցված ասում է. «Մենք պետք է ֆենոմենալ լինենք։ Երբ մարդիկ լքում են այս շոուն, երբ մարդիկ լքում են իմ շոուն, ես ուզում եմ, որ նրանք ասեն. «Ես կյանքում ուրիշ նման բան չեմ տեսել։ Այո։ Դա շշմեցուցիչ է։ Նա աշխարհի մեծագույն արտիստն է»։
Ձայնագրությունը լսելուց հետո Ուոլգրենը հայտարարել է, որ դատելով նրանից՝ ինչպես է այդ բառերն ասում Ջեքսոնը, կարելի է եզրակացնել, որ նա գտնվում է ինչ-որ դեղամիջոցների ազդեցության տակ, եւ բժիշկը ոչ բավարար կերպով է հսկել՝ ինչպես, երբ եւ ինչ չափաբաժնով է Ջեքսոնն ընդունել դեղամիջոցները։ Դատապարտյալի պաշտպանությունն իր հերթին կրկին հայտարարել է, որ Ջեքսոնը քնաբերի մահացու չափաբաժին է ընդունել, երբ բժիշկը երգչի հետ դուրս է եկել սենյակից։ Մյուրեյի փաստաբան Էդ Չերնոֆի խոսքով, Ջեքսոնն ամեն գնով ցանկացել է հանգստանալ Լոնդոնում կայանալիք «Ահա եւ վերջ» (This is it) խորագրով համերգից առաջ։
Բացի այդ, Չերնոֆը դատին ներկա գտնվողներին շշմեցուցիչ բան է ասել. փաստաբանի կարծիքով Ջեքսոնը վախճանվել է ոչ այն պատճառով, որ բժիշկը նրան քնաբեր է տվել, այլ այն պատճառով, որ նա դադարեցրել է անել դա, եւ հենց դա է դարձել պատճառը, որ Ջեքսոնն ինքնուրույն է քնաբերի մեծ չափաբաժին ընդունել։ «Բժիշկը Ջեքսոնին դեղամիջոցը տվել է երկու ամիս։ Երկու ամիսների ընթացքում նա քնել է։ Նա վեր է կացել եւ ապրել իր կյանքով։ Նյութերը ցույց կտան, որ Ջեքսոնը չի մահացել Մյուրեյի տված պրոպոֆոլի պատճառով։ Դրանք ցույց կտան, որ Ջեքսոնը մահացել է, երբ բժիշկը դադարել է պրոպոֆոլ տալ»,- ասել է Չերնոֆը։
Բժիշկը, մեղավոր ճանաչվելու դեպքում, բանտ կնստի չորս տարով եւ կզրկվի բժշկական գործունեության արտոնագրից։




























