Չնայած մեծ ակնկալիքներին 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո, որը տապալեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչակարգը, Հայաստանի դեմոկրատական լանդշաֆտը վերջին տարիներին մնում է մռայլ։ Երկրի ներկայիս կառավարությունն անշեղորեն գլորվում է դեպի ոչ դեմոկրատական կառավարում եւ, գուցե, անգամ ավտորիտարիզմ, The National Interest պարբերականի համար գրել է մեկնաբան Ալեքսանդար Սրբինովսկին։
Հոդվածի հեղինակը նշում է, որ հատուկ մտահոգություն է առաջացնում քաղաքական ակտիվիստների եւ լրագրողների հետապնդումը, ինչն արտացոլվել է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների (որոնք աշխատում են դեմոկրատական ինստիտուտների գործունեության գնահատման ուղղությամբ) ամենամյա հաշվետվություններում։
Օրինակ, Freedom House-ն իր ամենամյա հաշվետվությունում իջեցրել է Հայաստանում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների իր գնահատականը։ Զեկույցում տեղեկացվել է, որ երկրի իշխանությունները ծավալուն միջոցներ են ձեռնարկում քաղաքական այլախոհների, լրագրողների եւ իրավապաշտպանների դեմ։
Ավելին, անցած տարվա մայիսին հրապարակված իր զեկույցում Google-ի վերլուծության խումբը բացահայտել է Cytrox հյուսիսմակեդոնական ընկերության ստեղծած լրտեսական Predator ծրագրային ապահովման անօրինական օտգագործում կառավարության աջակցությունը վայելող «սուբյեկտների» կողմից։ Ծրագրային ապահովումն օգտագործվել է լրագրողների, այլախոհների եւ իրավապաշտպանների դեմ հարձակվելու համար, իսկ տեղի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ հայկական մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչների էլեկտրոնային սարքերը կոտրվել են։ Սակայն Predator-ը օգտագործվող միակ լրտեսական ԾԱ-ն չէ։ Հայկական ընդդիմության ղեկավարներից մեկը՝ Արթուր Վանեցյանը, մի անգամ ասել է, որ Pegasus լրտեսական ԾԱ է տեղադրվել իր հեռախոսի մեջ 2021թ.։ Չնայած այդ հայտարարությանը եւ դրան հաջորդած սկանդալին՝ Pegasus-ի օգտագործումը հայ լրագրողների եւ ընդդիմադիր գործիչների դեմ, ըստ երեւույթին, չի դադարեցվել։ Հայաստանում 2022թ. նոյեմբերին սոցցանցերի մասնագետների իրականացրած հետազոտության համաձայն՝ Pegasus-ը դեռեւս կարող է հետեւել կարեւոր ընդդիմադիր եւ մեդիա-անձանց։
Տագնապալի իրադարձությունները լրտեսությամբ չեն սահմանափակվում, ընդգծել է հոդվածի հեղինակը։
«Ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է նաեւ հետապնդել իր տապալած նախորդ կառավարության անդամներին։ Օրինակ, պաշտպանության երկու նախկին նախարարները ձերբակալվել են այնպիսի մեղադրանքներով, որոնք անվանվել են քաղաքականացված։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 2008-2016թթ., ձերբակալվել է 2020թ. ավելի քան 2 մլն դոլարի պետական միջոցների վատնման մեղադրանքով։ Նույնպիսի մեղադրանք է ներկայացվել պաշտպանության մեկ այլ նախկին նախարարի՝ Դավիթ Տոնոյանին, որը ձերբակալվել է 2021թ.»,- ընդգծել է Սրբինովսկին։
Թերեւս, ամենազարմանալին այն է, թե որքան արագ է Հայաստանում տեղի ունեցել անցումը սաղմնավորվող դեմոկրատիայից աճող նեոլիբերալիզմի, կարծում է քաղաքական մեկնաբանը։
Այն բանից հետո, երբ կառավարող կառավարությունը հաղթեց 2021թ. ամռան արտահերթ ընտրություններում, իրավիճակը սկսեց արագ փոխվել։ Կառավարությունը վերականգնեց «ժողովրդի թշնամիների» որոնման իր ընդհատված խնդիրը, գործընթաց, որը հիշեցնում է ստալինյան դարաշրջանի զտումները, ընդ որում՝ արագացված տեմպերով, այն բանից հետո, երբ Փաշինյանն ստացավ այսպես կոչված «պողպատե մանդատը» իր ժողովրդի կողմից 2020թ. պատերազմից հետո։ Հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում, այդ պայքարի առաջին թիրախներից էին։ Օրինակ, իշխանությունները մերժեցին երկիր թողնել Մուրադ Փափազյանին՝ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցչին, 2022թ. հուլիսին։ Փափազյանին, որը երբեք հանցագործություններ չի կատարել, արգելեցին մուտքը Հայաստան բացառապես այն պատճառով, որ ենթադրվում էր, թե նա 2021թ. Փարիզում մասնակցել է Փաշինյանի դեմ բողոքներին։
Փաշինյանի սեւ ցուցակը չի սահմանափակվում Փափազյանով։ Օգոստոսի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները մոտեցան երկու հայի Նիդեռլանդներից՝ Մասիս Աբրահամյանին եւ Սյունե Աբրահամյանին, եւ նրանց ասացին, որ նրանք հայտարարված են պերսոնա նոն գրատա Հայաստանում։ Ինչպես եւ Փափազյանին, այս երկու սփյուռքահայերին արգելվել է մուտքը երկիր, որովհետեւ նրանք դեմ են եղել Հայաստանի ներկայիս կառավարությանը։
Արժե հիշատակել նաեւ ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակի վատթարացման մասին։ Եվրոպայում ԶԼՄ-ների ազատության Ռեսուրսային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում ԶԼՄ-ների ազատությունը մնում է սահմանափակված «բռնության սպառնալիքով, ուժեղ քաղաքական եղրակացությունների եւ անվանարկումների թանկ արժեցող դատավարություններով»։
«Չնայած 2018թ. թավշյա հեղափոխության, որն իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին, ժամանակ եւ դրանից հետո տրված խոստումներին եւ անգամ 2021թ. արտահերթ ընտրություններին, որոնց ընթացքում պատերազմով ծվատված հասարակությունը եւս մեկ շանս տվեց գործող կառավարությանը Ադրբեջանի հետ հակամարտությունում ջախջախիչ պարտությունից հետո, քաղաքական մթնոլորտը Հայաստանում, ցավոք, փոխվում է բացասական ուղղությամբ։ Ինչպես նշել է մի հայ փորձագետ, երկրի ղեկավարը «ատելությունը վերածել է կառավարման սկզբունքի, իսկ սուտը՝ կառավարման ձեւի»,- գրել է Սրբինովսկին։





























