Ադրբեջանցիները հիանալիորեն տեսնում են, թե ով է իրենց դիմաց կանգնած, տեսնում են, որ Հայաստանի ղեկավարն ի վիճակի չէ կառավարել երկիրը, տեսնում են, որ գործ ունեն թույլ, անպաշտպան երկրի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց The California Courier թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը։

Նա նկատեց, որ Ալիևը դա տեսնելով ամեն օր նոր զիջումներ է պահանջում։ 

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն օր ավելի պատրաստակամորեն է ենթարկվում Ալիևի պահանջներին՝ հերթական զիջմանը գնալու համար։

«Սա ոգեշնչում է Ալիևին ավելի ու ավելի շատ նոր պահանջներ առաջ քաշել, և նա երբեք չի բավարարվի ստացածով», - նշեց Սասունյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները։ Ամերիկայի միջնորդությամբ կայացած հանդիպումներից հետո հանդիպում է սպասվում նաեւ Ռուսաստանում՝ Մոսկվայի միջնորդությամբ։

Թերթի խմբագրի խոսքով՝ այս երկու հանդիպումները նպատակ ունեն ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարցեր լուծել, այլ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերին վերաբերող հարցեր լուծել։

«Ե՛վ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը փորձում են ցույց տալ, որ ցանկանում են տիրանալ նախաձեռնությանը, և կողմերից յուրաքանչյուրը փորձում է ցույց տալ, որ ինքն ամենաազդեցիկ երկիրն է տարածաշրջանում։ Միաժամանակ նրանք փորձում են ցույց տալ, որ չեն պատրաստվում այդ մենաշնորհը զիջել հակառակ կողմին։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց հարցերն են լուծում, ոչ թե մերը»,- հավելեց նա։

Սասունյանն ընդգծեց, որ ամենակարեւորն այն է, որ Հայաստանի ժողովուրդն ու ղեկավարությունը չպետք է հույսը դնեն Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի վրա՝ հայերին պաշտպանելու կամ հայ ժողովրդի խնդիրները լուծելու համար։

«Դա տեղի չի ունենա։ Մոսկվան և Վաշինգտոնը պաշտպանում են իրենց շահերը, իսկ մենք, ցավոք, չենք կարող պաշտպանել մեր շահերը։ Կարեւորը հզոր բանակ կառուցենք ու ինքներս պաշտպանենք մեր սեփական շահերը, ոչ թե սպասենք, որ դրսից ինչ-որ փրկիչ գա ու մեզ փրկի։ Այդ փրկիչը մեր ողջ պատմության ընթացքում չի եկել, հիմա էլ չի գալու»,- եզրափակեց նա։

Արամ Դանիելյան