Լեհական Բիդգոշչ քաղաքի մերձակայքում գտնվող անտառում հայտնաբերված «ռազմական օբյեկտը» կարող է լինել մի քանի ամիս առաջ Բելառուսից ռուսական ինքնաթիռից արձակված հրթիռի բեկոր, հայտնում է РБК-ն՝ հղում անելով լեհական Onet պորտալին։
Լեհաստանը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։ «Այժմ սա (հրթիռի ռուսական ծագման վարկածը) ամենալուրջ վարկածն է, որը քննիչներն ուսումնասիրում են», - Onet-ին ասել է լեհ բարձրաստիճան պաշտոնյան:
Լեհաստանի հյուսիս-կենտրոնական Բիդգոշչից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող անտառում «անհայտ ռազմական օբյեկտի» հայտնաբերման մասին Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ապրիլի 27-ի առավոտյան։ Բիդգոշչից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվում է Lotnicze 2 ընկերությունը, որտեղ վերանորոգվում են F-16 կործանիչները։ Մոտակայքում նաև ռազմական օդանավակայան է տեղակայված։
Rzeczpospolita-ն գրում է, որ քաղաքում գործում է ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ուսումնական կենտրոն։
Ինչպես հայտնում է RMF24-ը, հրթիռի վրա բացակայում էր մարտագլխիկը։





























