Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը չի կարծում, որ Ռուսաստանի գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ նախագահ ընտրվելու դեպքում այդ երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ լինեն, այդ թվում՝ Հայաստանի մասով։ Այս մասին պատգամավորն ասաց այսօր` սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ 

Նրա խոսքով, եւ Ռուսաստանի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, եւ վարչապետ Պուտինը քաղաքական նույն դավանանքի հետեւորդներ են։ «Ռուսաստանի եւ տնտեսության, եւ արտաքին քաղաքականության մեջ ես արմատական փոփոխություններ չեմ տեսնում, այդ թվում՝ Հայաստանի հանդեպ։ Միաժամանակ, հնարավոր չէ, որ մեծ պետությունների քաղաքականությունը չազդի փոքր պետությունների քաղաքականության վրա։ Բայց որոշակի եւ արմատական փոփոխություններ Հայաստանի մասով չեն լինի։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է»,- նկատեց Մինասյանը՝ ավելացնելով, որ իր կողմից կոռեկտ չի լինի, եթե որոշ մարդկանց նման պնդի, որ Ռուսաստանը ավտորիտար երկիր է դառնում։ 

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «Եդինայա Ռոսիա» կուսակցության  համագումարում Պուտինին առաջարկել էր առաջադրվել 2012 թվականի ընտրություններին։Ինքը՝ Մեդվեդեւը, համաձայնել էր դեկտեմբերի 4-ին Պետդումայում սպասվելիք ընտրություններին գլխավորել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը։

Մեդվեդեւը նշել էր, որ պատրաստ է նախագահական ընտրություններից հետո աշխատել Ռուսաստանի կառավարությունում։