Օրեր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ բեռնատարների վարորդներն ու ֆերմերներն ահազանգում են, որ չեն կարողանում գյուղմթերքը տեղափոխել Ռուսաստան:
«Վրաստանից հայտնում են, որ ռուսական կողմը որոշում է կայացրել արգելել հայկական բեռնատարների մուտքը, վարորդները մի քանի օր կանգնած են պարզաբանումների սպասումով։ Արդյունքում ջերմոցային տնտեսությունները կարող են լուրջ վնասներ կրել։ Առաջիկա ամիսներին, երբ կսկսվի ծիրանի և այլ մրգերի սեզոնը, գյուղատնտեսության այս հատվածը կարող է լուրջ վտանգի տակ հայտնվել»,-նշել է պատգամավորը։
Ռուսաստանում ՀՀ դեսպանության «Վերին Լարս» անցակետում մաքսային կցորդ Վահան Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ խնդիրը տեխնիկական բնույթ է կրել և կապված է եղել ռենտգեն սարքերի անսարքության հետ։
Նա հավելեց, որ չորս սարքերից երկուսը չեն գործել, սակայն երեկվանից սարքերի աշխատանքը վերականգնվել է, և տրանսպորտային միջոցների բացթողման ծավալները վերադարձել են նախկին ցուցանիշներին:
Դա, նրա խոսքով, թույլ կտա 7-10 օրվա ընթացքում կրճատել բոլոր հերթերը։
«Ռուսական կողմը նախապես մեզ տեղեկացրել էր, որ ընթացիկ տարվա մարտի 13-ից մայիսի 23-ը Վերին Լարսի անցակետում իրականացվելու են վերազինման աշխատանքներ, ինչի կապակցությամբ բեռնատարների համար նախատեսված 11 գծերից աշխատելու են միայն 6-ը: Սա սահմանափակումներ է ստեղծել մեքենաների բացթողման հետ կապված։ Բացի այդ, 10-14 օր առաջ պարզվեց, որ երկու ռենտգեն սարքերի սարքինության խնդիր կա։ Բայց այսօր հերթերն արդեն սկսել են արագ նվազել»,-նշեց Հակոբյանը։
Նա հայտնեց, որ վրացական կողմում մոտ 800-900 հայկական մեքենա է կուտակվել, երեկ ձևակերպվել է 150-200 հայկական բեռնատար:
«Ռուսական կողմից կար մոտ 400 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ մոտ 200 հայկական մեքենա»,-եզրափակեց մաքսային կցորդը:
Արամ Դանիելյան





























