Թմրամոլությունը ամբողջ աշխարհում ավելանում է, այսօր չկա մի երկիր, որ ասի՝ իմ մոտ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը պակասում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ոստիկանական բարեփոխումները որտե՞ղ են ձախողվել, որ դրանց արդյունքում ունենք թմրամոլության աճ, բացահայտումների նվազում, ունենք խաղամոլություն:

«Որովհետեւ նոր տեխնոլոգիաներով են վաճառում՝ տելեգրամ ալիքներով: Թմրամիջոցների ծավալն այնքան շատ է, որ, այո, ակնհայտ է, որ թմրամիջոցների շրջանառությունը եւ օգտագործողների թիվը մեծանում է: Այնքան է մեծացել, որ դա Անվտանգության խորհրդում քննարկման առարկա ենք դարձրել եւ տրվել են հանձնարարականներ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, առաջիկայում ավելի արդյունավետ գործիքներ կկիրառվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու հարցում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց, որ Հայաստանում ավելացել են հանցագործությունները, ինքնասպանությունները, թմրամոլությունը, խաղամոլությունը, ինչը դժբախտ հասարակության սինդրոմ է. «Դուք խոստանում էինք երջանիկ հասարակություն»:

Վարչապետը նկատեց, որ կառավարությունն արգելել է բուքմեյքերական ընկերությունների գովազդը. «Ինքնասպանությունների թվի մասով խնդրահարույց վիճակագրություն ունենք, բայց այդ չարիքը ամենուր գոյություն ունի»: