Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 29-ին կայացած նիստում անդրադարձել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանը, թե ինքը գիտի, որ Հայաստանում պետական չինովնիկները զբաղված են փողերի լվացմամբ եւ պահանջել, որ պետական մարմիններն արձագանքեն այդ հայտարարությանը:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն ասել է, թե դատախազությունն ու կենտրոնական բանկը պարտավոր են հրապարակայնորեն արձագանքել Վիկտոր Դալլաքյանի այս հայտարարությանը:
Նիստին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ օրեր առաջ ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում, որին հրավիրված էին նաեւ կենտրոնական բանկի աշխատողները, լրագրողներ, նաեւ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, թափանցիկ եւ հրապարակայնորեն քննարկվել են իրավապահ ոլորտի եւ բանկային համակարգի կողմից փողերի լվացման դեմ պայքարի արդյունքները: Դատախազը նաեւ հայտարարել է, թե Ստրասբուրգում մի քանի օր առաջ տեղի ունեցած ՄԱՆԻՎԱԼ-ի նիստի ժամանակ Հայաստանին գնահատական է տրվել, ըստ որի Հայաստանը չի գտնվում հատուկ հսկողության տակ գտնվող երկրների շարքում:




























