«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, սեպտեմբերի 28-ին, ստացել են մայիս ամսվա աշխատավարձը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը` հավելելով, որ այս աշխատավարձը վճարելու համար օգնել է Կառավարությունը: Նրա խոսքով` մնում է երեք ամսվա աշխատավարձ, որը դեռ հայտնի չէ, թե երբ կվճարվի: Լրատվական ծառայության ղեկավարը չնշեց, թե գումարային տեսքով այսօր վճարված աշխատավարձը որքան է կազմել եւ որքան է կազմում երեք ամսվա չվճարված աշխատավարձը:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված հաղորդագրություններին, թե «Նաիրիտում» աշխատավարձ է ստանում միայն ղեկավարությունը, Անուշ Հարությունյանը նշեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, նախեւառաջ մարում են բանվորների աշխատավարձի պարտքերը, ապա նոր միայն ղեկավարությունը ստանում է իր աշխատավարձը: Ի դեպ, «Նաիրիտի» գործարանն ունի 3000 աշխատակից, որից մոտ 1000-ը պարապուրդի մեջ է:
Հիշեցնենք, որ 2010 թ նոյեմբերին ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի եւ նախագահի նստավայրի առջեւ: Դեկտեմբերի 20-ին ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ ամբողջությամբ մարելու է պարտքը` որպես վերջնաժամկետ նշելով հունիսի 29-ը: «Նաիրիտ» ՓԲԸ-ն կաուչուկի արտադրման գործարաններից է եւ իր տեսակով միակն է ԱՊՀ-ում:




























