2012 թ. պետական բյուջեի նախագծում զբոսաշրջության աջակցման նպատակով հատկացվել է 50 մլն դրամ (մոտ 135 հազ. դոլար): Այդ մասին նշված է նախագծի ծախսերի բացատրագրում: Թեեւ 2011 թ. համեմատ ֆինանսավորման գումարը չի փոխվել, ծախսերի կառուցվածքը էական փոփոխությունների է ենթարկվել:

Նախ, 2011 թ. պետական բյուջեի նախագծում գումարների կեսից ավելին (26.4 մլն դրամ) նախատեսված էր որպես աշխատանքների վարձատրություն` ծրագրերի իրականացման համար: 2012 թ. նախագծում այդ տողը ընդհանրապես հանված է, ինչը թույլ է տվել միջոցները այլ ուղղություննեերով ավելի արդյունավետ բաշխել: Այսպես` գրեթե 3 անգամ ավելացել է ավանդական տոնակատարությունների կազմակերպման ֆինանսավորումը` հասնելով 9.8 մլն դրամի: Էապես ավելացել է գովազդային նյութերի մշակման եւ տարածման ֆինանսավորումը`4.2 մլն դրամի փոխարեն 7.3 մլն դրամ:

Ավելի շատ գումարներ կհատկացվեն նաեւ զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցության, զբոսաշրջային ոլորտում միջազգային համագործակցության նպատակներով:

Փոխարենը կրճատվել են այնպիսի ծախսային հոդվածներ, ինչպես օտարերկրյա լրագրողների Հայաստան հրավիրելը (2011 թ. 4 մլն դրամի փոխարեն 2012 թ. կհատկացվի 2.9 մլն դրամ):

Ընդհանուր առմամբ, դատելով այդ փոփոխություններից, կարելի է եզրակացնել, որ զբոսաշրջության ոլորտում քաղաքականությունն ավելի նպատակային է դարձել:  

 

Սամվել Ավագյան