Հայաստանի իշխանությունները հիմա պայքարում են միայն Հայաստանի մի մասը չհանձնելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա նկատեց, որ երբ Հայաստանի ներկայիս վարչակազմը իշխանության էր գալիս, Ադրբեջանը հույս ուներ գոնե մի քանի շրջան ստանալ, ապա այժմ Հայաստանը պայքարում է միայն իր տարածքը չզիջելու համար: 

«Շուտով Նիկոլ Փաշինյանը կարող է հանդես գալ «Հայաստանը Հայաստան է, եւ վերջ» կարգախոսով՝ համապատասխան հետեւանքներով, որոնք տեղի են ունեցել «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարությունից հետո: Հայաստանի ղեկին մի իշխանություն է, որը պատրաստ է անվերջ զիջումների։ Դրան ի պատասխան Բաքուն նորանոր զիջումներ է պահանջելու։ Ադրբեջանն այլեւս երբեք Հայաստանում չի ունենա այնպիսի գործընկեր, ինչպիսին հիմա է։ Եվ այդ պատմական հնարավորությունից Բաքուն կձգտի օգտվել եւ վերցնել առավելագույնը»,-հավելեց Դանիելյանը։