Դեմոկրատ Ջո Բայդենի ընտանիքի անդամները միլիոնավոր դոլարներ են ստացել Չինաստանից, երբ նա ԱՄՆ փոխնախագահն էր։ Չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը (Կենտուկի):
Նա նշել է, որ կոմիտեն հետաքննում է քաղաքական գործչի և նրա ընտանիքի «ստվերային գործարքները», որոնք, իբր, «շահել են Ջո Բայդենի պետական պաշտոն զբաղեցնելու փաստից» և դրանով իսկ «վտանգել երկրի ազգային անվտանգությունը»։
«Ամերիկյան ժողովրդի հետ ազնիվ լինելու փոխարեն՝ Բայդենը 2020 թվականի ընտրություններից հետո պնդում էր, որ իր ընտանիքը Չինաստանից գումար չի ստացել։ Սա սուտ էր 2020թ-ին։ Եվ հիմա էլ նա շարունակում է ստել ամերիկյան ժողովրդին։ Բայդենները միլիոնավոր դոլարներ են ստացել Չինաստանից։ Անհնար է պատկերացնել, որ նախագահը չի իմացել այս մասին»,- փաստարկել է նա։
Կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Չինաստանի մի քանի քաղաքացիներ և ձեռնարկություններ, որոնք «զգալի կապեր ունեն չինական հետախուզության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ», թաքցրել են Բայդենների ընտանիքին դրամական փոխանցումների աղբյուրները՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման միջոցով:





























