Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի եւ եւս 12 անձի վերաբերյալ դռնփակ դատական պրոցեսը ծայրից ծայր անօրինական է: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Այս դատավորին՝ Արամ Գրիգորյանին, նշանակել են այնտեղ Գրիգորի Խաչատուրովի կալանքի որոշումը երկարաձգի: Հիմա էլ բոլոր իրավունքները խախտելով առանց պաշտպանի այժմ դահլիճում նիստ է գնում: Ոչ մի օրինականության հետ կապված որեւէ հանգամանք չկա: Հայաստանում չկա մի պրոցես, որն այսքան անօրինականությունով է սկսվում: Մի տարի է՝ այս Քրեական դատավարության օրենսդիրքն ուժի մեջ է, քննարկում են խափանման միջոցի հարցերը եւ այլն: Հենց հիմա ամեն ինչ անում է, որ խափանման միջոցի հարց քննարկի, որովհետեւ ժամկետով սահմանափակված է, բայց ժամկետ էլ գոյություն չունի: Մենք ասում ենք՝ 4 դատական նիստ է տեղի ունեցել ժամերով, մեզ կրիչը տվեք, որ ձեր գործողությունները ներկայացնենք, մեզ տալիս են 30 րոպե, որ գնանք, ծանոթանանք կրիչի հետ, որը չեն տրամադրում»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Նշենք, որ բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի եւ եւս 12 անձի վերաբերյալ դռնփակ դատական նիստից փաստաբան Միհրան Պողոսյանը տեսանյութ է հրապարակել: Գործը նախագահող դատավոր Արամ Գրիգորյանը փաստաբանին ասել էր, որ դռնփակ դատական նիստերը ձայնագրել չի թույլատրվում, ինչի մասին դատավարության մասնակիցները նախազգուշացվել են: Դատավորի եւ փաստաբանի միջեւ վիճաբանությունից հետո նկատողություն է հայատարարվել Պողոսյանի նկատմամբ եւ նիստը ընդմիջվել է:
Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Մեղադրանք է ներկայացվել նաեւ «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փաստաթղթի կեղծում) եւ եւս 9 անձի:





























