Քենիայում կրոնական պաշտամունքի զոհերի թիվը, որոնց պաստորը հետեւորդներին հրահանգել էր սովամահ լինել, հասել է 226-ի, հաղորդում է Citizen TV-ն՝ վկայակոչելով իշխանություններին:

Անցյալ շաբաթ քենիական NTV հեռուստաալիքը հայտնել էր, որ պաշտամունքի զոհերի թիվը հասել է 201-ի։

«Առափնյա նահանգի տարածաշրջանային կոմիսար Ռոդա Օնյանչայի խոսքով՝ չորեքշաբթի հայտնաբերված 15 դիակներից 14-ը դուրս են բերվել գերեզմաններից, մեկը հայտնաբերվել է թփերի մեջ։ Այսպիսով, անտառում հայտնաբերված մարմինների ընդհանուր թիվն այժմ հասել է 226-ի»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում։

Ավելի վաղ՝ մայիսին, Ֆրանս Պրեսը վկայակոչելով դիահերձման արդյունքում պատրաստված դատարանի փաստաթղթերը, հայտնել էր, որ Քենիայում արմատական ​​կրոնական պաշտամունքի հետեւորդների զանգվածային մահվան հետաքննությունը ցույց է տվել որոշ զոհերի  մոտ մի շարք օրգանների բացակայություն, ինչը կարող է վկայել մարդու օրգանների առեւտրի սխեմայի մասին։ Գործակալության տվյալներով՝ հետազոտվել է 112 մարդու աճյուն։

«Բարի լուր» պաշտամունքի պաստոր Մակենզի Նթենգեն ձերբակալվել է: Մայիսի սկզբին դատախազությունը հայտարարել էր, որ նա քրեական պատասխանատվության կենթարկվի «ահաբեկչության» համար։