Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչած կրակոցների հետեւանքով վիրավորում ստացած Դավթաշենի թաղապետի տեղակալ Կորյուն Մխիթարյանը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:
«Նրա վիճակը միջին ծանրության է։ Որեւէ օրգանի լուրջ վնասում եւ թափանցող վերքեր չկան։ Բեկորները չեն թափանցել որևէ խոռոչային օրգան կամ կրծքավանդակ: Կրծքավանդակի մասի ենթամաշկից եւ նստատեղից երկուական բեկոր է հանվել»,- ասաց Կուրղինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 19-ին, Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորումներ հիվանդանոց է տեղափոխվել Դավթաշենի թաղապետի տեղակալ Կորյուն Մխիթարյանը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։




























