Սուդանի մայրաքաղաք Հարթումի բնակիչների վկայությամբ, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկշաբաթյա հրադադարի համաձայնությունից հետո դեռևս շարունակվել են թշնամական կողմերի բախումները, տեղեկացնում է Reuters-ը։
Ջիդա քաղաքում կայացած բանակցություններից հետո Սուդանի բանակի և Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) միջև ստորագրված հրադադարի համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի երկուշաբթի երեկոյան՝ մոնիթորինգի մեխանիզմի միջազգային աջակցությամբ։ Սա նաև թույլ է տալիս հումանիտար օգնություն հասցնել։
Հակամարտության սկզբից՝ ապրիլի 15-ից, ի վեր հայտարարված բազմաթիվ հրադադարները չկարողացան կանգնեցնել ռազմական գործողությունները, սակայն Ջիդայի գործարքն առաջին դեպքն է, երբ կողմերը բանակցություններից հետո ստորագրել են հրադադարի համաձայնագիրը։
Վերլուծաբաններն ասում են, որ պարզ չէ, ընդունակ է, արդյոք, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը կամ ԱԱՈՒ հրամանատար Մոհամեդ Համդան Դագալոն տեղերում ապահովել հրադադարի ռեժիմը։ Նախկինում երկուսն էլ հայտարարել էին, որ ձգտում են հաղթել պատերազմում, և նրանցից ոչ մեկը չի մեկնել Ջիդա։



























