ԱՄՆ-ն եւ արեւմտյան դաշնակիցները քննարկում են Ուկրաինայի համար անվտանգության մոդելի գաղափարը, որը նման է իսրայելական մոդելին, գրում է Wall Street Journal-ը:

«Սա անվտանգության մոդել է, որն արեւմտյան առաջնորդները, ներառյալ ԱՄՆ նախագահ Բայդենը, համեմատում են այն բանի հետ, ինչ այժմ ունի Իսրայելը»,-գրում է պարբերականը:

Wall Street Journal-ին տված հարցազրույցում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ անվտանգության համաձայնագրի շրջանակներում Ուկրաինայի համար առաջնահերթությունը տրվելու է զենքի մատակարարմանը եւ առաջատար տեխնոլոգիաներին: Ընդ որում, Դուդան պարզաբանել է, որ նման համաձայնագրի քննարկումները հենց հիմա են ընթանում։ Լեհաստանի առաջնորդը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ զենքի եւ տեխնոլոգիաների մասին է խոսքը:

Նա նաեւ հայտնել է, որ իսրայելական մոդելի կոնցեպտը Բայդենի հետ քննարկվել է փետրվարին՝ Լեհաստան կատարած այցի ժամանակ:

Քննարկումներին ծանոթ արեւմտյան պաշտոնյաների խոսքով՝ անվտանգության վերաբերյալ նման համաձայնագիրը կապված կլինի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության ուղղությամբ Կիեւի առաջխաղացման գործընթացի հետ, սակայն չի հանգեցնի դաշինքի փաստացի հակամարտության մասնակցի վերածմանը: