Ներկա պահին ՆԱՏՕ-ում կոնսենսուս չկա Ուկրաինայի անդամակցության գաղափարի առաջխաղացման համար, սակայն դաշինքի երկրների ղեկավարները Վիլնյուսի գագաթաժողովում որոշում կկայացնեն այս երկրի հետ հետագա մերձեցման վերաբերյալ, ասել է գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։

«Մեր առաջնորդները կորոշեն, թե հաջորդ քայլով ինչ անել Ուկրաինային մեզ ավելի մոտեցնելու համար։ Ես քաղաքական գործիչ եմ եւ տեսնում եմ իրականությունը. ներկայումս դաշինքում կոնսենսուս չկա՝ այդ ուղղությամբ (Ուկրաինայի անդամակցության) շարժվելու համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում:

Ջոանեն հավելել է, որ «այդ մասին կարեւոր խոսակցություն կլինի Օսլոյում հաջորդ շաբաթ (ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը Օսլոյում մայիսի 31-ին), եւ դաշինքի երկրների ղեկավարները որոշում կկայացնեն (Վիլնյուսի գագաթաժողովում հուլիսի 11-12 - խմբ.)»։ Նա կրկնել է դաշինքի դիրքորոշումը, որ դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ցանկացած բանակցություն կարող է սկսվել միայն հակամարտության ավարտից հետո։