Լիտվան Ադրբեջանին առաջարկում է համագործակցել Եվրամիության կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները, որոնք կիրառվել են ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ, շրջանցելու դեմ պայքարում։ Այս մասին երկուշաբթի Վիլնյուս այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ղեկավար Գիտանաս Նաուսեդան։
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո մեր գործընկերությունը նոր իմաստ է ստանում։ Մենք պետք է միասին աշխատենք՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը»,- ասել է նա։
Լիտվայի նախագահը կարծում է, որ Ադրբեջանի հետ համագործակցության ներուժը պետք է ավելի արդյունավետ օգտագործել։ «Մենք պետք է ավելի լայն օգտագործենք Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում համագործակցության հնարավորությունները (Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ մերձեցման ԵՄ նախաձեռնությունը) եւ դրա համար նոր ուղիներ փնտրենք»,- ասել է նա։
Իր հերթին Ալիեւն ասել է, որ առավել ակնհայտ հեռանկարները տեսանելի են առեւտրատնտեսական հարաբերություններում։ «Տնտեսությունն ու առեւտուրն այն ոլորտներն են, որտեղ մենք կարող ենք առավելագույն առաջընթաց գրանցել մոտ ապագայում»,- ասել է նա։





























