Լեռնային Ղարաբաղի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը եւ նրանց ջանքերը` իրենց հաստատությունները զարգացնել հենց եվրոպական արժեքներին համապատասխան, անշուշտ, արժանի է ուշադրության ու աջակցության: Այս մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, Վարշավայում ընթացող ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, ուշադրության այդ դաշտից Լեռնային Ղարաբաղի հանրության դուրս մնալը ոչ մի կերպ չի նպաստում հակամարտության արդարացի կարգավորմանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.«Իր տարածքում հաստատելով տեւական խաղաղություն եւ բարեկեցություն՝ Եվրամիությունը աշխարհին ներկայանում է որպես քաղաքական եւ տնտեսական ինտեգրացիայի յուրատեսակ օրինակ: Հավատացած եմ, որ կարող ենք այս փորձը տեղայնացնել նաեւ Հարավային Կովկասում:
Չլուծված հակամարտությունները պետք է ստանան իրենց արդարացի եւ կայուն լուծումը: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար խնդրի լուծման բանալին ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու նրա կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է: Լեռնային Ղարաբաղի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը: Նրանք մեծ ջանքեր են ներդնում իրենց հաստատությունները զարգացնելու հենց այն արժեքներին համապատասխան, որոնք մենք հռչակում ենք ընդհանուր, եւ դա, անշուշտ, արժանի է ուշադրության ու աջակցության: Ավելին, ուշադրության այդ դաշտից Լեռնային Ղարաբաղի հանրության դուրս մնալը ոչ մի կերպ չի նպաստում հակամարտության արդարացի կարգավորմանը: Այսօր, ցավոք, մեր տարածաշրջանը խարխափում է ատելության հետեւողական սերմանման եւ պատերազմի հռետորության սարդոստայնում: Այս իրավիճակը որեւէ լավ բան չի հուշում եւ կարիք ունի անհապաղ վերափոխման:
Նաեւ այս պատճառով երեկ ես ձեռնպահ մնացի Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին պատասխանելուց, համարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խորը եւ համակողմանի քննարկման համար գոյություն ունեն հայտնի հարթակ եւ բոլորի կողմից ընդունված ձեւաչափ՝ ԵԱՀԿ եւ նրա կողմից ստեղծված Մինսկի խումբ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համանախագահությամբ: Իսկ ԵՄ-ն, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարվել է, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմանների ապահովման եւ վստահության միջոցների ամրապնդման դիրքերից, ինչը միայն ողջունելի է: Այս խնդիրը ԵՄ-ն կարող է մեծ հաջողությամբ իրականացնել: Հենց Արեւելյան գործընկերության միջոցով, որի կարեւոր բաղկացուցիչ մասն է կազմում տարածաշրջանային համագործակցությունը: Եթե կարողանանք խելամտորեն օգտվել այս հնարավորությունից, ապա կշահենք բոլորս՝ թե՛ գործընկեր, եւ թե՛ ԵՄ անդամ-երկրները:
Ցանկության եւ բավարար քաղաքական կամքի առկայության պարագայում ոչ մի խնդիր, այդ թվում նաեւ հակամարտությունները, չեն կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության համար: Եթե, իրոք, անկեղծ ենք ընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ մեր հանձնառության մեջ, եթե ցանկանում ենք ունենալ ավելի անվտանգ եւ բարեկեցիկ տարածաշրջան, եթե, իրոք, Արեւելյան գործընկերությունը դիտարկում ենք որպես հնարավորությունների նախաձեռնություն, ապա այդ պարագայում ես չեմ տեսնում որեւէ արգելք տարածաշրջանային համագործակցության համար: ԵՄ դերակատարությունը նման համագործակցություն խթանելու գործում առանցքային է, եւ մենք պարզապես ակնկալում ենք հետեւողականություն իր իսկ սկզբունքների եւ արժեքների նկատմամբ»:




























