LVMH-ի հիմնադիր եւ աշխարհի ամենահարուստ մարդ Բեռնար Առնոն ընդամենը մեկ օրում կորցրել է 11,2 միլիարդ դոլար՝ այն լուրերի ֆոնին, որ ԱՄՆ-ի տնտեսության թուլացումը կնվազեցնի շքեղ ապրանքների պահանջարկը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր ինդեքսին։
LVMH-ի բաժնետոմսերի արժեքը իջել է այն մտավախությունների պատճառով, որ ԱՄՆ-ի տնտեսության թուլացումը կնվազեցնի շքեղ ապրանքների պահանջարկը: Դրա պատճառով Առնոն մեկ օրում կորցրել է 11,2 մլրդ դոլար։ Մայիսի 23-ի երեկոյան նրա կարողությունը կազմել է 191,6 մլրդ դոլար։
LVMH-ին են պատկանում Louis Vuitton, Moet & Chandon եւ Christian Dior ապրանքանիշերը: Միաժամանակ ընկերության բաժնետոմսերը մեկ տարվա ընթացքում աճել են 23 տոկոսով։
Հունվարի սկզբին Forbes ամսագիրը գրել էր, որ Tesla-ի ղեկավար եւ SpaceX ընկերության գլխավր ինժեներ Իլոն Մասկը, Amazon առցանց ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Meta ընկերության համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի գլխավոր գործադիր տնօրեն Լարի Փեյջը եւ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը ընդհանուր կորցրել են 378 մլրդ դոլար։
Մինչ այս Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանից միլիարդատերերի ընդհանուր կարողությունը նախորդ տարվա ընթացքում նվազել է 93,753 միլիարդ դոլարով։




























