Հայ աստղագետների մասնակցել են Միջազգային աստղագիտական միության գիտաժողովներին: Մասնավորապես` Մեծ Բրիտանիայում վերջերս կայացել են Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) երկու գիտաժողովներ՝ սեպտեմբերի 5-9-ին Պրեստոնում ՄԱՄ թիվ 284 եւ սեպտեմբերի 19-23-ին Օքսֆորդում ՄԱՄ թիվ 285 գիտաժողովները:
Առաջինը նվիրված էր Գալակտիկաների էներգիայի սպեկտրային բաշխմանը եւ հավաքել էր սպեկտրի ամենատարբեր տիրույթներում /գամմայից մինչեւ ռադիո/ հետազոտություններ կատարող գիտնականների, այդ թվում՝ վիրտուալ աստղադիտարանների ծրագրեր իրականացնող մասնագետների: Այդ գիտաժողովին մասնակցեցին հայ աստղագետներ` Բյուրականի աստղադիտարանից Արեգ Միքայելյանը եւ Ռուսաստան Շտերնբերգի անվան աստղագիտության ինստիտուտից Իգոր Չիլինգարյանը, որոնք զեկուցումներ ներկայացրեցին համապատասխանաբար «Ակտիվ գալակտիկաների էներգիայի սպեկտրային բաշխումը եւ դասակարգումը» եւ «Գալակտիկաների սպետրների եւ էներգիայի սպեկտրային բաշխումների միջոցով նրանց աստղառաջացման պատմության վերականգնումը» թեմաներով: Երկրորդ գիտաժողովը նվիրված էր աստղագիտության ժամանակային տիրույթի ուսումնասիրություններին, որն ուղղակիորեն առնչվում է փոփոխական աստղերին:
Արեգ Միքայելյանը մասնակցել է նաեւ այդ գիտաժողովին, որտեղ ներկայացրել է զեկուցում «Փոփոխականության վերլուծություն՝ Պալոմարի շրջահայությունների լուսաչափության հիման վրա»: Նշենք, որ գիտաժողովներին մասնակցել են աստղագետներ ավելի քան 40 երկրներից: Նման գիտաժողովներ ՄԱՄ-ը կազմակերպում է տարեկան 5-6 անգամ աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում ՄԱՄ-ի գիտաժողովներ են կազմակերպվել 1966, 1986, 1989, 1998 եւ 2001 թթ.: Հաջորդ այդպիսի գիտաժողովը նախատեսվում է անցկացվել 2013թ.՝ Բ.Ե. Մարգարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:




























