Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը ողջունում է Ջավախքի հիմնախնդիրների լուծմամբ զբաղվելու ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի որոշումը:

Ըստ լրատվամիջոցների՝ վերջերս ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը Հայ Դատի վաշինգթոնյան գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի ուղեկցությամբ այցելել է Վրաստան՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկելով Թբիլիսիի եւ Ջավախքի հայության համայնքային, սոցիալ-տնտեսական, հոգեւոր եւ մշակութային կյանքին վերաբերող հարցեր:

Քեն Խաչիկյանը, ամփոփելով շրջագայության արդյունքները, հայտարարել է, որ Հայ Դատի հանձնախումբը հետամուտ է լինելու Ջավախքի ամրապնդմանն ու անվտանգությանը: Նա նաեւ նշել է, որ «Ջավախքում մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջեւ, որոնք, աշխատելով միասնաբար, կարող ենք հաղթահարել»:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը ողջունում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահի այս հայտարարությունը:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. 

«Լիահույս ենք, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ձեռնամուխ է լինելու այլ գործնական քայլերի՝ ուղղված ջավախքահայության խնդիրների լուծմանը:  Մենք պատրաստ ենք ցույց տալ Հայ Դատի հանձնախմբին, ինչպես նաեւ ԱՄՆ-ում գործող հայկական այլ լոբբիստական կազմակերպություններին, բոլոր հնարավոր աջակցությունը Թբիլիսիի եւ Ջավախքի հայության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը հասնելու գործում: Այդ խնդիրներն են. 

- Ջավախքահայության քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարման քաղաքականության վերացումը, ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ քաղաքական հալածանքների դադարեցումը, Վահագն Չախալյանի ազատ արձակումը,

- Ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնումը եւ ինքնակառավարման մակարդակի բարձրացումը,

- Վրաստանի հայաբնակ շրջաններում (Սամցխե-Ջավախք-Ծալկա) հայոց լեզվին տարածաշրջանային պաշտոնական լեզվի կարգավիճակի շնորհումը,

- Հայ Առաքելական եկեղեցու գրանցումը, խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված եկեղեցական կառույցների վերադարձը, 

- Ջավախքահայության արտագաղթի կանխումը եւ կրթա-մշակութային զարգացման հնարավորությունների ստեղծումը, այդ նպատակով Ախալքալաքում հայ-վրացական համալսարանի հիմնադրումը»: