Orange հիմնադրամի աջակցությամբ, 5330 մարդ անվճար ակնաբուժական աջակցություն է ստացել Շիրակի մարզում:

Ավարտին է մոտենում Շիրակի մարզում Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Շիրակի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Այս կապակցությամբ այսօր` սեպտեմբերի 30-ին, Ախուրյանում կայանած Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ) էր այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան` ծանոթանալու կատարված աշխատանքերին: ՀԱՆ-ի Շարժական հիվանդանոցը, որտեղ իրականացվում են բուժումներն ու վիրահատությունները, զինված է ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով:

Ծրագրի շրջանակներում 4200 մեծահասակներ եւ 1130 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 640 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն ԱՇՀ-ում, տրամադրվել է շուրջ 2000 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել են շուրջ 270 վիրահատություններ եւ լազերային բուժումներ: Ծրագրի շրջանակում, ակնային զննումներին զուգահեռ, ավելի քան 400 երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաեւ ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ: Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել էր 9 միլիոն դրամ:

«Որոշել շարունակել համագործակցությունը: Հաջորդ մարզը, ուր կայցելի շարժական հիվանդանոցը, կլինի Արագածոտնը», ասել է Բրունո Դյութուան:

Արագածոտնի մարզում ակնային զննումները տեղի բժիշկների մասնակցությամբ արդեն մեկնարկել են եւ կշարունակվեն մինչեւ նոյեմբերի վերջ: Նախատեսվում  է ակնային զննումներ իրականացնել շուրջ 1800  մեծահասակների եւ 1000 երեխաների համար, վիրահատել մոտ 180 հիվանդի եւ տրամադրել շուրջ 500 ակնոց: Բացի այդ, ակնային զննումներին զուգահեռ, հանրակրթական դասընթացներ կկազամակերպվեն Արագածոտնի մարզի  ինը դպրոցներում: Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամի կողմից ՀԱՆ-ին տրամադրվել է շուրջ 5 մլն դրամ:

Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ին ակտիվորեն աջակցում են տեղի ակնաբույժները` մասնավորապես Թալինի եւ Աշտարակի շրջաններում: Այստեղի եւ հարակից գյուղերի բնակիչները պետք է դիմեն տեղի ակնաբույժներին, ովքեր հիվանդներին կընդունեն շրջկենտրոններում կամ որոշակի օրերի կայցելեն շրջանների գյուղերը: Այդ այցելություների ժամանակացույցին ծանոթանալու եւ լրացուցիչ տեղեկությունների համար բնակիչները պետք է հետեւեն իրենց համայքներում փակցված հայտարարություններին, ինչպես նաեւ դիմեն տեղի բուժկետ կամ մարզպետարանի առողջապահության բաժին: ՀԱՆ-ի բժշկական խմբերը կայցելեն Արագածի եւ Ապարանի շրջանները հոկտեմբեր ամսվա ընթացքում:  Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի` հոկտեմբերի 18-21-ը` Ծաղկահովիտում, հոկտեմբերի 24-27-ը` Ապարանում,  հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը` Թալինում, եւ նոյեմբերի 7-ից մինչեւ ծրագրի ավարտը` Աշտարակում: