Բեռլինում, սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միության (DRV) համաժողովը, որին, Հայաստանը ներկայացրել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:
Հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենը զբոսաշրջության միջազգային գործակալներին ներկայացրել է մեր երկրի զբոսաշրջային ներուժը, պատմական-մշակութային եւ քրիստոնեական ժառանգությունը, ինչպես նաեւ զբոսաշրջային արդյունքները:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միությունը փորձելու է Հայաստանը թիրախային ձեւով ներկայացնել գերմանական զբոսաշրջային շուկաներում եւ նպաստել մեր երկրի` որպես միջազգային զբոսաշրջավայրի իրազեկության եւ ճանաչելիության բարձրացմանը: Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ 2012 թվականին Հայաստան գերմանացի հայտնի զբոսաշրջային գործակալների եւ լրագրողների ճանաչողական այցի կազմակերպման, ինչպես նաեւ «ITB 2012» միջազգային խոշորագույն ցուցահանդեսին Հայաստանի ներկայացվածության մասին:




























