Հայաստանի ամերիկյան համալսարանն իր 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է կազմակերպել, որին մասնակցել են նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում մեր անկախ պետականության ամրապնդման հիմնական գործիքը պետք է լինի գիտելիքը: Ուրախ եմ, որ այսօր Հայաստանում ունենք Ամերիկյան համալսարան, որը 20 տարի մեզ հետ միասին փորձություններով է անցել եւ այսօր մշակում է իր զարգացման նոր արդիական ծրագիր»:
Վարչապետը գոհունակություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանն ունի ԱՄՆ արտոնագիր, ինչը վկայում է, որ այն այսօր գործընթացներն իրականացնում է ԱՄՆ-ում ընդունված չափանիշներին համապատասխան:
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին: Նրա որոշմամբ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ եւ կրթության ու գիտության բնագավառներում ներդրած ակնառու ավանդի համար ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետի պրոֆեսոր, «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Յուրի Սարգսյանը պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։




























