Սենեգալում ոստիկանության եւ ընդդիմության առաջնորդ Ուսման Սոնկոյի կողմնակիցների միջեւ բախումների հետեւանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, հաղորդում է Associated Press-ը։

Ալիու Բոդիանը սպանվել է ուրբաթ երկրի հարավում գտնվող Կոլդա քաղաքում, հայտնել է նրա ընկեր Բուբաքար Բալդեն:

Սոնկոն մեղադրվում է բռնաբարության եւ մերսման սրահում աշխատող կնոջ հասցեին սպանության սպառնալիքների համար, եւ նրան կարող է սպառնալ մինչեւ 10 տարվա ազատազրկում: Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան կարգելվի հաջորդ տարի մասնակցել նախագահական ընտրություններին:

Նախորդ շաբաթ Սոնկոն ներկա չէր դատավարությանը, եւ նրան հեռակա կարգով էին դատում: Նա ասել է, որ բողոքում է անարդարության դեմ եւ այլեւս չի պատասխանի դատական ծանուցագրերին: Նա եւ իր կողմնակիցները պնդում են, որ օրենքի հետ կապված իր խնդիրները նախագահ Մակի Սալլի կառավարության ջանքերի մի մասն են՝ տապալելու իր թեկնածությունը 2024 թվականի ընտրություններում:

Ընդդիմության առաջնորդը վերջերս վեցամսյա պայմանական ազատազրկման է դատապարտվել զբոսաշրջության նախարար Մամե Մբայե Նյանգի դեմ զրպարտության գործով, որին այժմ պարտք է մոտ 330 000 դոլար փոխհատուցում:

Ցույցերն արդեն վերածվել են բռնության՝ դատավարության նախաշեմին։ Սենեգալի կառավարությունը հայտարարում է, որ վճռականորեն դիմակայելու է հասարակական կարգը խախտելու ցանկացած փորձի: