ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ նրա կինը՝ Ջավահիրը, 25 մլն եվրոյով ձեռք են բերել ջրի արտադրությամբ զբաղվող բուլղարական «Gorna Banya» ընկերությունը, հայտնում է բուլղարական Sophia Echo-ն։ Ձեռնարկության նախկին տերերից Եվգենի Գորանովը հայտնել է, որ գործարքը կնքվել է անցած շաբաթ։

Նրա խոսքով, մոտ 20 մլն եվրո կծախսվի պարտքերը մարելու համար, որից 12 միլիոնը բանկից վերցված է եղել երկարաժամկետ, 4 մլն-ը՝ կարճաժամկետ վարկավորմամբ։ Դրանից բացի, 3.5 մլն եվրո կգնա Մեծ Բրիտանիայի ներդրումային ֆոնդ։

Նշենք, որ 2008թ. «Gorna Banya»-ն 36 մլն լեւի եկամուտ է ունեցել։

Գագիկ Ծառուկյանի գործընկերներն են լինելու Պավլին Իվանովը եւ Ռումեն Ցվետկովը, իսկ ընկերությունը ղեկավարելու է Զավեն Ասատուրովը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրենը։