Տավուշի մարզում, hոկտեմբերի 2-ին, Այրում երկաթուղային կայարանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով տուժել են նաեւ Վրաստանի քաղաքացիներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանում Վրաստանի դեսպանությունում: Վրաստանի հյուպատոսը մեկնել է դեպքի վայր: Դեսպանատնից հայտնեցին, որ  մանրամասներ կլինեն ավելի ուշ:

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղում 250-մետրանոց հատվածը մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներով մնացել է հողի տակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սողանքի տակ են մնացել նաեւ վրացական համարներով բեռնատարներ (Ֆոտոռեպորտաժ, վիդեո):

Սողանքը վնասել է նաեւ էլեկտրահաղորդման գծեր, ինչի հետեւանքով էլեկտրականությունից զրկվել է Այրումը, համանուն երկաթուղային կայարանը եւ Լճքաձորը: Իրավիճակը բարդացնում է անձրեւային եղանակը:

Դեպքի վայրում է գտնվում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով «Ալավերդիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապ օգնության մեքենայով բժշկական կենտրոն է տեղափոխվել յոթ քաղաքացի, որոնց մոտ եղել են գանգի վնասվածքներ` առանց գանգոսկրի կոտրվածքների, կրծքավանդակի սալջարդ` առանց ներքին օրգանների վնասվածքների, նախաբազկի եւ սրունքի ոսկրների կոտրվածքներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունում, տուժածները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն եւ հարազատների պահանջով տեղափոխվել են մայրաքաղաք: Մեկ տուժած տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն` աջ սրունքի դրսային պճեղի փակ կոտրվածքով, առանց տեղաշարժի, վեգոսկրի դրսային եզրի բեկորային կոտրվածքով, տեղաշարժով: Կատարվել է գիպսային անշարժացում, ցավազրկում, եւ հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից: Ընդհանուր առմամբ, տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բոլորը Երեւանի բնակիչներ են:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղեւորներին օգնություն ցուցաբերելու համար: Առավոտյան ժամը 07:00-ին վերսկսվել են նաեւ փրկարարական աշխատանքները: