Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայաստանյան պատվիրակությունը շարունակում է մորատորիումի գործելաոճը եւ չի պատասխանելու ադրբեջանական պատվիրակության մեղադրանքներին: Այդ մասին Ստրասբուրգից NEWS.am-ին հայտնեց հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ հայկական պատվիրակությունը նիստ է գումարել եւ կոնսենսուսի հիման վրա նման որոշում կայացրել:
Նաիրա Զոհրաբյանը այդ որոշման հիման վրա խմբագրել է իր ելույթները, սակայն նա կարծում է, որ այդ գործելաոճը սխալ է: «Երեւան վերադառնալուն պես ես մեր կուսակցության նախագահի հետ քննարկելու եմ, թե որքանով է արդյունավետ նման գործելաոճը, որովհետեւ Եվրոպայում ոչ բոլորն են տեղյակ, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում: Իսկ ադրբեջանցիներն այսօր էլ շարունակել են իրենց ստերը, թե հայերը երեխա են սպանել: Հայկական պատվիրակությունն արժանի հակահարված չհասցրեց ադրբեջանցիների ստերին»,- նկատեց պատգամավորը` հավաստելով, որ մորատորիումի քաղաքականությունը բացարձակապես սխալ է եւ չի բխում Հայաստանի շահերից: Ի դեպ, Ֆրանսիայի ժամանակով ժամը 15-ին կայանալու է Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նիստը, որին հայաստանյան պատվիրակությունը կրկին հրաժարվել է մասնակցել` պատճառաբանելով, որ այս ձեւաչափը միայն խոչընդոտում է ղարաբաղյան կարգավորման գործընթացին:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մի քանի այլ հարցերով տարբեր քննարկումներ են լինելու: Մասնավորապես, հոկտեմբերի 4-ին, ելույթ է ունենալու Ուկրաինայի արտգործնախարարը, որին հարց տալու համար հերթագրվել է նաեւ հայ պատգամավորը:




























