Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցած խոշոր սողանքի հետեւանքով անհայտ կորածների ցուցակում նշված 49-ամյա Մամիկոն Գասպարյանը, 27-ամյա Ալեքսանդր Բաղդասարովը, 25-ամյա Տիգրան Մեջինյանը, Գյումրիի բնակիչ, 36-ամյա Վարդան Կարապետյանը, Գյումրիի 41-ամյա բնակիչ Արտակը, Վրաստանի քաղաքացիներ` 50-ամյա Գենա եւ 30-ամյա Նուքրի Սուրմանիձեները կապի են դուրս եկել իրենց հարազատների հետ եւ հայտնել, որ սողանքի պահին դեպքի վայրում չեն եղել կամ անվնաս են:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց ԱԻՆ մամուլի ծառայությունում, այս պահին հավանական անհայտ կորած մարդկանց ցուցակում նշվում են.
1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ)
2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ)
3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման (Ֆոտոռեպորտաժ, վիդեո) հետեւանքների վերացման համար Հայաստանի վարչապետի որոշմամբ, օպերատիվ շտաբ է ստեղծվել: Ներկայումս, սողանքի հետեւանքով փլուզված M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Բագրատաշեն ուղղությունը: Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհով երթեւեկելուց:
Նոյեմբերյանի «Ճանշինի» աշխատակիցների ուժերով ճանապարհը մաքրվել է, սակայն առկա է սողանքային երևույթների հետագա ակտիվացման վտանգ:




























