Հոնդուրասը կիրակի օրը իր առաջին դեսպանությունն է բացել Չինաստանում, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 2 ամիս հետո, տեղեկացրել է CGTN-ը։

Դեսպանության բացումը տեղի է ունեցել Հոնդուրասի եւ Թայվանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո։

Բացման արարողությանը ներկա էին Չինաստանի պետքարտուղար եւ արտաքին գործերի նախարար Ցին Գանը եւ նրա հոնդուրասցի գործընկեր Էդուարդո Էնրիկե Ռեյնան։

Ցինը նշել է, որ Չինաստանի եւ Հոնդուրասի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը «մեկ Չինաստան» սկզբունքի հիման վրա իրականացրել է երկու ժողովուրդների  վաղեմի ցանկությունը եւ նոր դարաշրջան բացել երկու երկրների հարաբերություններում։ Չինաստանի եւ Հոնդուրասի հարաբերությունների զարգացումն ապացուցում է, որ «մեկ Չինաստան» սկզբունքին աջակցելը ճիշտ որոշում է, ասել է Ցինը։

Նշելով, որ Հոնդուրասի նախագահ Սիոմարա Կաստրոյի ներկա այցելությունը Չինաստան կարեւոր քայլ է, նա ասել է, որ Չինաստանի եւ Հոնդուրասի ղեկավարների պատմական հանդիպումը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացում է կանխորոշում։

Չինաստանը պատրաստ է Հոնդուրասի հետ աշխատել տարբեր ոլորտներում փոխադարձ հարգանքի, հավասարության, փոխադարձ շահի եւ ընդհանուր զարգացման հիման վրա եւ Չինաստանի եւ Հոնդուրասի հարաբերությունները վերածել բարեկամական համագործակցության վառ օրինակի ազգային տարբեր պայմաններ եւ համակարգեր ունեցող երկրների միջեւ։

Ռեյնան իր հերթին նշել է դեսպանության բացման կարեւորությունը նախագահ Կաստրոյի Չինաստան պետական այցի ժամանակ։

Նա ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունները նոր դարաշրջան են բացում աշխարհի հետ Հոնդուրասի հարաբերություններում, որպեսզի Հոնդուրասը դառնա բարգավաճ եւ մեծ երկիր։

Ռեյնան ավելացրել է, որ Հոնդուրասը կպաշտպանի «մեկ Չինաստան» սկզբունքը եւ հավատում է, որ Չինաստանի եւ Հոնդուրասի միջեւ կապերը այսուհետ եւս կամրապնդվեն։